Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Սուրբ Հակոբյանց Միաբանության պատրիարքության հինգ թեկնածուների կենսագրականները։
Քանի որ ննջեցյալ պատրիարքի փոխանորդ է ընտրվել ԱՐԻՍ արքեպիսկոպոս ՇԻՐՎԱՆՅԱՆԸ, ուրեմն սկսենք հենց նրանից։
Ծնվել է 1934 թ. հուլիսի 23-ին` Հայֆայում (այժմյան Իսրայելի տարածքում է)։ Մկրտության ավազանով անունն Արմենակ է, ծնողները Հովհաննես ու Լուսաբեր Շիրվանյաններն են։ Նախնական կրթությունը ստացել է Հայֆայի սբ. Եղիա նախակրթական դպրոցում, իսկ հետո շարունակել է Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում։ Այնուհետև 1952 թ. վերադարձել է Իսրայել և ընդունվել Երուսաղեմի սբ. Հակոբյանց ժառանգավորաց վարժարանը, որը 1957 թ. ավարտելուց հետո դարձել է Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամ։ Նույն տարում Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանը նրան ձեռնադրել է կուսակրոն քահանա՝ Արիս անունով։
Դրանից հետո մեկ տարով նշանակվել է ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ և դասախոս, միևնույն ժամանակ հանդիսանալով Ներսոյան արքեպիսկոպոսի գավազանակիրը։
1958 թ. ծառայության է ուղարկվել Հորդանանի Ամմանում գտնվող հայկական եկեղեցում որպես հոգևոր հովիվ։ Եկեղեցուն կից եղել է Հեթում թագավորի անվան դպրոցը, որի տնօրենի ծառայությունը նույնպես իր ուսերի վրա է վերցնում երիտասարդ կուսակրոնը։
Այնուհետև նա Անգլիա է մեկնում Դարեմի համալսարանում կրթությունը շարունակելու աստվածաբանական ֆակուլտետում, մինչև 1964 թ., և ավարտելուց հետո ստանում է բակալավրի աստիճան։
Համալսարանն ավարտելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա¬ի հրավերով նա առաջին անգամ Հայաստան է այցելում՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին։ Այդտեղ էլ նա Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի կողմից ստացել է վարդապետության աստիճան։
1964-66 թթ. նա ուսումը շարունակել է Փարիզի կաթոլիկ համալսարանում, աստվածաբանական գիտելիքները խորացնելու նպատակով։
1966 թ. Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանի (ով հետագայում դարձավ Երուսաղեմի Հայոց պատրիարքը) հրավերով Արիս վարդապետը հրավիրվել է Լոս Անջելեսի Սբ. Հակոբ հայկական եկեղեցում որպես հոգևոր հովիվ։ Այնտեղ նա ծխի համար մի նոր եկեղեցի կառուցելու և օծելու մեծ ջանքեր ներդրեց։
1972 թ. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Վադչե արքեպիսկոպոս Հովսեփյանի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան։ Այնուհետև 1979 թ. հրավիրվել է սբ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում պաշտոնավորելու որպես հոգևոր փոխտեսուչ, ապա նաև տեսուչ։
Երկու տարի անց նա ծառայության է գնացել Շվեդիայի ու Գերմանիայի հայ հավատացյալներին հովվելու համար։
Նշանակալից է եղել Արիս Շիրվանյանի ծառայությունը Սան Ֆրանցիսկոյում գտնվելու տարիներին։ Մեր թերթն այդ մասին արդեն գրել է մի քանի ամիս առաջ «Թե ինչպես հայերը փրկեցին Ամերիկայի պատիվը» հոդվածում, որտեղ նկարագրվել էր Սան Ֆրանցիսկոյի Դևիդսոնի բլուրի վրա կանգնած 33-մետրանոց խաչի փրկագնման պատմությունը, քանի որ տեղի իշխանությունները որոշել էին քանդել այդ խաչը։ Եվ քրիստոնյաների ջանքերով, հանձին Արիս Շիրվանյանի, մեծ ջանքերով ու հանգանակությամբ փրկագնվել է այդ խաչը և նվիրվել 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
1998-1999 թթ. Արիս եպիսկոպոս Շիրվանյանը պաշտոնավորել է սբ. Հակոբյանց վարժարանի տեսուչի պաշտոնում։ (Այդ տարիներին էր, որ հոդվածիս հեղինակը դասավանդում էր այդ վարժարանում, և անձամբ համոզվեց նրա մեծ հմտությանը, քանի որ այդ ժամանակ վարժարանի սաները հոգեբանական անհանգստության մեջ էին գտնվում նախկին տեսուչի պատճառով)։
2006 թ. Արիս եպիսկոպոսը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստացել է արքության աստիճան։
ԹԵԿՆԱԾՈՒ ԵՐԿՐՈՐԴ.
ՎԻԳԵՆ արքեպիսկոպոս ԱՅՔԱԶՅԱՆ։ Ծնվել է Թուրքիայի Սղըրթ բնակավայրում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի սբ. Խաչ դպրեվանքում, ապա մեկնել է Երուսաղեմ ուսանելու Սբ. Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում։
Այն ավարտելուց հետո, 1968 թ. ձեռնադրվել է սարկավագ։ 1971 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1971-1974 թթ. եղել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թարգմանիչը, ապա դպրեվանքի ուսուցիչը։
1974-1975 թթ. ծառայել է Ստամբուլի հայոց եկեղեցիներում որպես օրվա քարոզիչ։
1980-1992 թթ. վարել է Շվեյցարիայի հայ համայնքի հոգևոր հովվի պաշտոնը։
1992 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա ¬ի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս։
1997-1999 թթ. տնօրենն էր Ամերիկայի Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի բարեգործական կազմակերպության։
1985-1991 թթ. եղել է Մայր աթոռի ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ կենտրոնական վարչության մեջ։
Իսկ 1994-1995 թթ., երբ նախապատրաստվում էին Վազգեն Ա¬ից հետո նոր կաթողիկոս ընտրելու, նա օգնականն էր Թորգոմ պատրիարք Մանուկյանի, ով այդ ժամանակ նշանակվել էր կաթողիկոսական տեղապահ։
Վիգեն սրբազանն ուսանել է Քենթրբերիի սբ. Օգոստինոս քոլեջում։ Ստացել է Աստվածաբանության պսակավորի աստիճան Լոնդոնի Գինկս քոլեջում։ Այնուհետև Շվեյցարիայի Ֆրիբուրկ կաթոլիկ համալսարանն ավարտելուց հետո ստացել է դոկտորի աստիճան։
2006 թ. նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ¬ի հայրապետական կոնդակով ստացել է արքության պատիվ։
Վիգեն սրբազանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի պատվավոր դոկտոր է։
Այժմ նա Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի թեմական պատվիրակն է ԱՄՆ¬ի Վաշինգտոն մայրաքաղաքում, միաժամանակ Միջեկեղեցական հարաբերությունների տնօրենը, ինչպես նաև Ամերիկայի եկեղեցիների խորհրդի կենտրոնական վարչության քարտուղարը։
Վերջին չորս տարում ԱՄՆ¬ում գտնվող Հաբիտատի և Հայաստանի Հաբիտատի համատեղ ջանքերով զբաղված է եղել կարիքավորների համար տներ կառուցելու ծրագրերով։
ԹԵԿՆԱԾՈՒ ԵՐՐՈՐԴ.
Տ. ՆՈՒՐՀԱՆ արք. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. սբ. Հակոբյանց Միաբանության այժմյան լուսարարապետը (ավազանի անունն է Պողոս), ծնվել է 1948 թ. Հալեպում։ Նախնական կրթությունը ստացել Հալեպի Հայկազյան վարժարանում։ 1961 թ. ընդունվել է Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանք։
1966 թ. ընդունվել է Երուսաղեմի սբ. Հակոբյանց ժառանգավորաց վարժարան և ավարտել 1968թ., որից հետո ձեռնադրվել է սարկավագ։
1971 թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա Եղիշե պատրիարք Տերտերյանի ձեռամբ՝ վերակոչվելով Նուրհան աբեղա։
1971-1972 թթ. արդեն ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր, իսկ 1975 թ. տեսուչն է դառնում։
1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմի հոգևոր հովիվ։
1973 թ. ստացել է վարդապետական աստիճան։
1973-80 թթ. Իսրայելի Հայֆա քաղաքի հայության հոգևոր հովիվն էր։
1980 թ. Թորգոմ պատրիարքի հրավերով ուսանել է Նյու Յորքի Ընդհանուր աստվածաբանական ճեմարանի եռամսյա դասընթացը։
1994 թ. դարձել է Թեքսաս նահանգի սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը։
1998 թ. ընտրվել է Երուսաղեմի սբ. Աթոռի լուսարար։
1999 թ. ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ¬ի ձեռնադրվել ու օծվել է եպիսկոպոս։
2012 թ. Երուսաղեմի ընդհանուր միաբանական ժողովի կողմից նշանակվել է պատրիարքական փոխանորդ՝ վարելու պատրիարքության ընդհանուր գործերը։
ԹԵԿՆԱԾՈՒ ՉՈՐՐՈՐԴ.
ԽԱԺԱԿ արքեպիսկոպոս ՊԱՐՍԱՄՅԱՆԸ ծնվել է 1951 թ. Արաբկիրում (Թուրքիա)։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի սբ. Խաչ դպրեվանքում։ 1967 թ. Կոստանդնուպոլսի պատրիարք Շնորհք Գալուստյանի քաջալերությամբ ընդունվել է Երուսաղեմի սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանը։
1971 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
1973 թ. ստացել է վարդապետության աստիճան։
Այնուհետև իր բարձրագույն կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Աստվածաբանական Պսակավորի տիտղոս է ստացել Աստվածաբանական ընդհանուր Ընծայարանում, ապա շարունակում է Հայ ծիսագրության ուսումնառությունը Միննեապոլիսի սբ. Հովհաննես համալսարանում։
1984 թ. Հռոմի Գրիգորյան համալսարանում ստանում է Պսակավորի տիտղոս՝ քրիստոնեական ուսմունքների գծով։ Այդ ընթացքում Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության բաժնում կենտրոնանում է ասորագիտության շուրջ։
1988 թ. ներկայացրել է դոկտորական թեզը՝ «Հայոց ժամագրքի ծագումն ու զարգացումը համեմատած ասորական և բյուզանդական աղբյուրների հետ» թեմայով, արժանանալով գերազանց գնահատականի։
Սրբազան հայրը դասավանդել է Միացյալ Նահանգներում, Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Հայաստանում։ Հրատարակել է հոդվածներ գիտական պարբերականներում։ Մասնակցել է գիտաժողովների, սիմպոզիումների ԱՄՆ¬ում, Եվրոպայում և Հայաստանում։ Անդամ է Ծիսական ուսումների միջազգային ընկերակցության և մաս է կազմում սբ. Նեխես Աստվածաբանական կաճառի ուսուցչական կազմի։
Երուսաղեմում ուսանելիս վարել է ուսուցչի պաշտոն և եղել է Դպրեվանքի փոխտեսուչը։ Այդ տարիներին նա կարևոր դեր է ունեցել 100 մանուկների Թուրքիայից Երուսաղեմ բերելու գործում, ինչպես նաև նրանց դաստիարակության հարցում։ Ծառայել է որպես հոգևոր հովիվ Ջաֆֆայի, Հայֆայի և Ռամլեի հայ համայնքների, որտեղ ստեղծել է հայոց լեզվի դասընթացներ։
1975-76 թթ. հանդիսացել է Շնորհք պատրիարքի անձնական քարտուղարը։
Սրբազան հայրը գործուն դեր է ստանձնում ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի հոգևոր կյանքում։ 1977 թ. նշանակվում է սբ. Վարդան Մայր տաճարի լուսարար։ Գերաշնորհ Թորգոմ արք. Մանուկյանի ղեկավարության ներքո նա ստանձնում է Տաճարի մատակարարության պատասխանատվությունը, դրա հետ մեկտեղ նաև թեմական էկումենիկ հարաբերությունների հարցերի պատասխանատուն էր։
1980-83 թթ.` Միննեապոլիսի և Սեյթն Փոլ քաղաքների հայ համայնքների հոգևոր հովիվ։
1984-90 թթ. եղել է ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի ընդհանուր փոխանորդ և էկումենիկ գրասենյակի վարիչ։ Ընդարձակ փորձառություն է ձեռք բերել Հայ եկեղեցու միջհամայնքային ասպարեզում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Միջին Արևելքում, Թուրքիայում, Եվրոպայում և Խորհրդային Միությունում։ Նա ներկայացրել է Արևելյան ուղղափառ եկեղեցիների, կաթոլիկ և բողոքական համայնքների հանդիպումները։ Մասնակցել է ԵԽՀ ժողովներին Ժնևում, Հունաստանում, ԽՍՀՄ¬ում։ Թեմի ներկայացուցիչն է «Խղճի կոչ» հիմնադրամի և «Կրոնը Ամերիկայի կյանքում» կազմակերպության։
1990 թ. ընտրվել է առաջնորդ ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմական 88-րդ պատգամավորական ժողովում, ապա ստացել ծայրագույն վարդապետի աստիճանը։
Նույն թվի հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ սբ. Էջմիածնում ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն՝ ձեռամբ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի։
ԹԵԿՆԱԾՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ.
ԲԱԲԿԵՆ ծայրագույն վարդապետ ԱՆՈՒՇՅԱՆ. ծնվել է Ստամբուլում, նվիրյալ քրիստոնեական ընտանիքում։ Նրա ավազանի անունն է Հարություն։ Ծնողներն են Գրիգոր և Վարդուհի Անուշյանները։
Տասնմեկ տարեկանից նրան ծնողները ուղարկում են Երուսաղեմի սբ. Թարգմանչաց դպրոց ուսանելու։ Երկու տարի հետո տեղափոխվում է Հայոց պատրիարքության ընծայարան։ 1977 թ. ձեռնադրվում է սարկավագ, իսկ մեկ տարի անց` կուսակրոն քահանա։
ՈՒսումը կատարելագործելու նպատակով տեղափոխվում է ԱՄՆ։ 1983 թ. Դետրոյթի համալսարանում ստանում է հոգեբանության գծով բակալավրի աստիճան։ Այնուհետև ընդունվում է իրավաբանական համալսարան ու երեք տարի հետո գերազանց տվյալներով ավարտելով, ընդունվում Եյլի համալսարանի աստվածաբանական պատմության գծով ֆակուլտետը և ավարտելով այն` ստանում մագիստրոսի աստիճան։
Միչիգան նահանգում բնակվելու տարիներին ծառայել է սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի օգնական։
1988 թ. Թորգոմ Մանուկյանի ձեռամբ ստանում է վարդապետի կոչում ու մինչև 1991 թ. ծառայում է սբ. Վարդան եկեղեցու լուսարարապետ։
Միաժամանակ շարունակելով իրավաբանական կրթությունը` հանձնել է նաև Նյու Ջերսի և Միչիգան նահանգների իրավաբանական «ԲԱՐ» քննությունները։
Հոգեշնորհ տ. Բաբկեն Անուշյանն այժմ Նյու Ջերսիի սբ. Թովմաս եկեղեցու հոգևոր հովիվն է։
Հարգելի ընթերցող, Հայոց Երուսաղեմի պատրիարքական թեկնածուների կենսագրականներին ծանոթանալուց հետո, կարծում եմ, որ որպես հայ քրիստոնյա մեր պարտականությունն է աղոթել Տիրոջը, որ օգնի այս խառն ու դժվարին ժամանակներում խոհեմ և իմաստուն պատրիարքի ընտրության հարցում։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ